Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ճգնաժամը բացահայտեց, որ իշխանությունը չունի իր դեմ կանգնած իրական գաղափարական ընդդիմություն

Ճգնաժամը բացահայտեց, որ իշխանությունը չունի իր դեմ կանգնած իրական գաղափարական ընդդիմություն
11.08.2009 | 00:00

ՃՈՃԱՆԱԿԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Արևմտյան ժողովրդավարությանը կամ, ավելի ճիշտ, նրա ձեռքբերումներին հասնելու ձգտումով արդեն գրեթե 20 տարի ապրում ու տառապում է ողջ հետխորհրդային հասարակությունը։ Նախկին ԽՍՀՄ բնակչության համար, բնականաբար, ամենակարևորն արևմտյան հասարակության տնտեսական բարեկեցության աստիճանն է, որ միշտ էլ նախանձի առարկա է եղել կոմունիստական հասարակարգում այդպես էլ կոմունիզմի կառուցմանը չհասած սովետական մարդկանց համար։
Սակայն այդ բարեկեցիկ արևմտյան ժողովրդավարությունն իր գոյությամբ պարտական է մի շատ կարևոր մեխանիզմի, որը ԽՍՀՄ փլուզմանը հետևած գրեթե 20 տարիների ընթացքում այդպես էլ ծնունդ չառավ որևէ հետխորհրդային երկրում։ Այդ մեխանիզմի էությունը հետևյալն է. եթե արևմտյան որևէ զարգացած երկրում տեղի են ունենում ընտրություններ, և իշխանության է գալիս իրեն աջ կամ լիբերալ հռչակած քաղաքական ուժը, ապա նա սկզբունքորեն ու հետևողականորեն իրագործում է իր անվանը հարիր տնտեսական ծրագիր։ Լիբերալները բոլոր արևմտյան երկրներում աչքի են ընկնում հատկապես տնտեսավարողների, այսինքն` բիզնեսի շահերի պաշտպանությամբ։ Իշխանության գլուխ հայտնվելով` նրանք կրճատում են հարկերը, նվազեցնում սոցիալական ծրագրերը, ինչի պատճառով տնտեսավարողների մոտ գոյանում են լրացուցիչ եկամուտներ։ Վերջիններս այդ եկամուտը ներդնում են իրենց բիզնեսում, դրա հաշվին տնտեսությունը սկսում է զարգանալ, բացվում են նոր աշխատատեղեր, ի հայտ են գալիս նոր հարկային մուտքեր, որոնք հնարավորություն են տալիս իշխանությանը` լուծելու նաև սոցիալական խնդիրները։
Բայց եթե տնտեսավարողները նոր իշխանությունների քաղաքականության շնորհիվ ստացած լրացուցիչ միջոցները տնտեսության մեջ ներդնելու փոխարեն արտասահմաններում ամառանոցներ կամ կղզիներ են գնում, ո՛չ աշխատատեղերն են ավելանում, ո՛չ էլ հարկային մուտքերը։ Սոցիալական վիճակը բնակչության լայն շերտերի համար վատթարանում է, դրանից անմիջապես օգտվում են բոլոր գույների սոցիալիստները, սոցիալ-դեմոկրատներն ու կոմունիստները, մի խոսքով, բոլոր ձախերը։ Դժգոհ բնակչության մեջ նրանք գործունեություն են ծավալում, աճում է նրանց վարկանիշը, ճիշտ քաղաքական պայքար կազմակերպելով կարողանում են հասնել հաղթանակի արտահերթ կամ հերթական ընտրություններում։ Իշխանության գլուխ անցնելով` նրանք մեծացնում են հարկային բեռը, բիզնեսի վրա դնում նոր սոցիալական պարտավորություններ, խթանում սոցիալական ծրագրերը, այդպիսով մեծացնում սոցիալապես անապահով խավերի եկամուտները։ Եթե այդ պարտավորությունները չափից ավելի ծանր են տնտեսավարողների համար, ապա բիզնեսը սկսում է նեղվել հարկային բեռից, կրճատել իր գործունեության ծավալները։ Համապատասխանաբար սկսում են նվազել հարկերը, սոցիալական ծրագրերի իրականացումը դժվարանում է, փակվում են աշխատատեղերը։ Կրկին սկսում է աճել լիբերալների կամ աջերի հեղինակությունը, որոնք բիզնեսին նոր արտոնություններ, իսկ գործազուրկներին աշխատատեղեր են խոստանում։ Ճոճանակը կրկին աշխատում է և այս անգամ ընտրություններով կրկին իշխանության գլուխ բերում լիբերալներին կամ աջերին, որոնք թեթևացնում են հարկերը, կրճատում սոցիալական ծրագրերը և այլն։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Հայաստան ոտք դնելով, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ այս փոքրիկ, չքնաղ ու անտեր երկիրը շատ հեռու է աշխարհում ընդունված և բազմաթիվ երկրներում անխափան գործող այս տնտեսական մոդելից։ Հետևապես, նաև ժողովրդավարությունից, որովհետև ժողովրդավարությունը չի չափվում միայն տվյալ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանով, ԶԼՄ-ների ազատություններով, քաղկալանավորների առկայությամբ կամ բացակայությամբ։ Զարգացած ժողովրդավարական հասարակությունը մեխանիզմների համակարգ է, որտեղ իշխանությունը փոխվում է առաջին հերթին երկրում տիրող տնտեսական իրավիճակից ելնելով։ Մինչդեռ Հայաստանում, հանուն արդարության, նաև ողջ հետխորհրդային տարածքում, այս սկզբունքը չի գործում։ Դրա համար էլ աննախադեպ և նույնիսկ տարիներ շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում միանգամայն հնարավոր է այն կառավարության գործունեությունը, որն իր աշխատանքով բազմիցս ապացուցել է տնտեսական խնդիրները հաղթահարելու իր անընդունակությունը։ Իրական, ոչ թե ձևական քաղաքական կառույցների բացակայությունն է, որ ստեղծում է այս վիճակը։ Զարգացած ժողովրդավարական որևէ երկրում այսպիսի ճգնաժամի պայմաններում որևէ կառավարություն մի ամիս էլ չէր դիմանա։ Սակայն այն, ինչ Հայաստանում կոչվում է ընդդիմություն, չի կարողանում և չի էլ ցանկանում այդ հողի վրա համախմբել տնտեսական իրավիճակից դժգոհ բնակչությանը։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ այսօրվա ընդդիմադիրներին անմիջապես կհիշեցվեն իրենց ժամանակների տնտեսական քաղաքականության կոպտագույն սխալները, երբ տնտեսական իրավիճակն այսօրվանից ոչ միայն բարվոք չէր, այլև ավելի վատ էր, քանզի բազմաթիվ ենթակառուցվածքներ ուղղակիորեն չէին գործում, ինչը պայմանավորված էր դարձյալ կառավարման անընդունակությամբ։ Սակայն ճգնաժամը բացահայտեց, որ իշխանությունը չունի իր դեմ կանգնած իրական գաղափարական ընդդիմություն, որովհետև գաղափարական ընդդիմություն լինելը շուկայական տնտեսության պայմաններում կենսագործող պետության պարագայում առաջին հերթին նշանակում է ունենալ այլընտրանքային տնտեսական ծրագիր։ Ահա սա է, որ չունեն ո՛չ արմատական կամ անհաշտ ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, ո՛չ էլ կառուցողական համարվող ընդդիմությունը` ի դեմս սոցիալիստական ՀՅԴ-ի, և անհասկանալի տնտեսական սկզբունքներ դավանող այլ կառուցողական ընդդիմադիր ուժերի։
Արդյունքում ստացվում է, որ գործող կառավարությունը, իսկապես, անփոխարինելի է։ Իսկ Հայաստանում քաղաքական բանավեճի մակարդակը հիշեցնում է խորհրդային այլախոհներից մեկի պատմած անեկդոտը սովետական դատարանում այլախոհի դատավարության մասին, երբ դատավորը սաստում է վերջինիս.
-Դուք այստեղ հակասովետական բաներ եք ասում և դրա համար կենթարկվեք պատասխանատվության։
ԱՅԼԱԽՈՀ -Դուք 37 թիվ եք սարքել, բա չասե՞նք։
ԴԱՏԱՎՈՐ -Դուք ասում եք, մենք էլ դատում ենք։
ԱՅԼԱԽՈՀ -Դուք չանեիք, որ մենք չասեինք, որ մեզ չդատեիք։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ